Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների վերահսկողություն լինելու է, ինչպես մեր բոլոր սահմաններին, լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Մեր խնդիրը ցանկացած սցենարի դեպքում մաքսային հսկողություն սահմանելն է, երբ խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին։ Ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստ լինել»,- նշել է նա։
Ըստ Հակոբյանի՝ ՀՀ-ն պատրաստ է ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր սցենարներին։
«Հստակ ասել եմ, որ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք նույն Մարգարայի կետը, սարքավորումներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել և մեր մաքսային վերահսկողությունն իրականացնել»,- պարզաբանել է կոմիտեի նախագահը։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում իրենց հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել էին այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ սկսել: 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը և Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մինչ զբոսաշրջային սեզոնը բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։
ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը 2024 թվականի հունիսի 11-ին հայտնել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։ Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Անկարան կկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ Հայաստանն ավարտել է Մարգարայի անցակետի շահագործման բոլոր աշխատանքները։