ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է հետաձգել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծի ընդունումը, որը գումարի դիմաց 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն է տալիս։
Պատգամավորը չի կարծում, որ նախագծի վերջնական ընդունման դեպքում բանակից ազատվելու կոռուպցիոն ռիսկերը վերանալու են։ Նրա խոսքով՝ օրինագիծը ոչ թե կարող է կոռուպցիոն ռիսկերը կանխել, այլ խրախուսել դրանք։
«Երբ անօրինական կեղծ մեխանիզմը հավասարազոր գումարով փոխարինում ես օրինականով, արդյո՞ք դրանով կոռուպցիոն ռիսկի դեմն առնում ես: Երբ բոլորովին հակառակն ես անում, միանշանակ ու աներկբա ո՛չ թե դեմն առնում ես, այլ խրախուսում ես կոռուպցիան։ Եթե մարդիկ ապօրինություն էին գործում 60 000 ԱՄՆ դոլարով, և այդ քայլին իսկապես ունևոր մարդիկ կարող էին դիմել, քանի որ բռնվելու ռիսկ կա, ապա հիմա, որպեսզի այդքան փող չվճարեն, օրինական ճանապարհով դա անելու են պայմանական 20 000 ԱՄՆ դոլարով՝ նույն անօրինական կեղծ ճանապարհով։ Ինչո՞ւ, որովհետև դու կոռուպցիոն ռիսկի իրավական հիմքերը և վերահսկողության մեխանիզմները չես փոխել, այլ զուտ առաջարկում ես աչք փակել այդ բացի վրա՝ սահմանելով գնային սանդղակ օրինական բարձր տարիֆի պարտադրանքով»,- գրել է նախկին պատգամավորը։
Նա ընդգծել է, որ նախագծի հիմնավորման հիմնական թերացումն այն է, որ փաստացի, չեն փոխվում բանակից ազատվելու առողջապահական հիմքերի չափորոշիչները և վերահսկողության մեխանիզմները։
«Սա նշանակում է, որ օրենքների տառերի արանքում նույն սողանցքները մնում են, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկը մնում է անփոփոխ: Վստահ եմ՝ թիմակիցներս երկուշաբթի օրվա նիստին և լիագումար նիստին, եթե, իհարկե, նախագիծը դրական եզրակացություն ստանա հանձնաժողում, հնարավորինս խելամտություն և խոհեմություն կցուցաբերեն, և նախագիծն այս փուլում առնվազն կհետաձգեն»,- հավելել է նա։
Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։