ՆԳՆ ոստիկանությունից Armenia Today-ին մեկնաբանել են «Սրբազան շարժման» երեք ակտիվիստներին մայիսի 14-ին բերման ենթարկելու՝ շարժման հաղորդած տեղեկությունը: Նրանք, ըստ ընդդիմադիր շարժման, բերման են ենթարկվել «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանն» ակցիան իրականացնելիս (սյուներին վարչապետի հեռացման պահանջով լուսանկարներ փակցնելիս-խմբ.) և տեղափոխվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
«Սրբազան շարժման» տեղեկության համաձայն՝ բերման են ենթարկվել Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանը և Էլեն Գաբրիելյանը։ Շարժման էջում նաև նշել էին, որ Գրիգորյանն ու Գաբրիելյանը նահատակված հերոսների զավակներ են։
Ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժին էին այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանը։
Ակտիվիստներին ազատ են արձակել բերման ենթարկելուց 3 ժամ անց, Armenia Today-ին հաստատեցին ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Կառույցից հավելեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարքի համար (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, առավելագույն պատիժը տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով-խմբ․)։
«Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» նախաձեռնությունն ակցիաների շարք է իրականացնում, որոնց մասնակցիները երբեմն փողոցներ են փակում, նաև ստորագրություն հավաքում վարչապետի հեռացման պահանջով։ Դատելով շարժման հրապարակած նկարներից՝ նրանք երեկ Փաշինյանի հեռացման պահանջով լուսանկարներ էին փակցրել սյուներին, ինչից հետո բերման էին ենթարկվել։
2024-ին շարժումը բողոքի ակցիաներ էր սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ 2024-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ 2024-ի դեկտեմբերին շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հայտարարել էր, որ «Սրբազան պայքարը» շարունակելու են 2025-ին՝ փողոցում։