Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազությունից և Ներքին գործերի նախարարությունից պաշտոնական պարզաբանումներ է պահանջելու մայիսի 9-ին Գյումրիում ձերբակալված լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանության կողմից ենթադրյալ դաժան վերաբերմունքի և Զարուհի Փոստանջյանին որպես պաշտպան ներգրավելու մերժման կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել օմբուդսմենի գրասենյակը Մուշի քննչական բաժնում գտնվող Աղեկյանին այցելությունից հետո։
Մանասյանը հիշեցրել է, որ փաստաբան Փոստանջյանն ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին` հայտնելով, որ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Աղեկյանին։ Օմբուդսմենի ստացած տեղեկությամբ՝ Փոստանջյանին մերժել են՝ պատճառաբանելով, որ քրեական գործի շրջանակներում կան հանգամանքներ, որոնք բացառում են նրա մասնակցությունը, և Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։
Մասնավոր զրույցի ընթացքում Աղեկյանն օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներին պատմել է դեպքի մանրամասները՝ պնդելով, որ ոստիկաններն իր նկատմամբ կիրառել են անհամաչափ ուժ, երկար ժամանակ պահել են ձեռնաշղթաներով, խուզարկությունն իրականացվել է տեսագրությամբ, իսկ ոստիկանություն իրեն տարել են տնային հագուստով։
Մանասյանն ընդգծել է, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ կերպով ուսումնասիրել բոլոր դիմումները՝ կապված ձերբակալված անձի նկատմամբ ենթադրյալ դաժան վերաբերմունքի հետ, և հրապարակել արդյունքները։
Աղեկյանը ձերբակալվել էր մայիսի 9-ին՝ խուլիգանության և դատարանի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հոդվածներով։ Ավելի ուշ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ ոստիկանները լրագրողին ձերբակալել են տնից՝ ուժ կիրառելով և տարել ոստիկանություն՝ գիշերազգեստով ու հողաթափերով։ Մայիսի 11-ին ՆԳՆ արձագանքել էր Փոստանջյանի հայտարարություններին՝ հերքելով խոշտանգման մասին տեղեկությունը: