Wizz Air-ը չվերթներ կիրականացնի Երևանից դեպի ութ նոր ուղղություններ, հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ չվերթները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից։
Նոր չվերթներ կիրականացվեն դեպի Գերմանիայի Համբուրգ և Մեմինգեն քաղաքներ, Իտալիայի Նեապոլ և Բարի, Ռումինիայի Բուխարեստ, Կիպրոսի Պաֆոս, Ֆրանսիայի Նիս և Չեխիայի Պրահա քաղաքներ։ Տոմսերը կարժենան՝ սկսած 29,99 եվրոյից։
«Սա ևս մեկ մեծ քայլ է ճանապարհորդությունն ավելի հասանելի և մատչելի դարձնելու ուղղությամբ բոլորի համար», – ասված է հայտարարության մեջ։
Ավիաընկերությունը նաև հայտնել է Երևանում իր 34-րդ բազայի բացման մասին, որն «ավելի ամուր քան երբևէ» կապելու է Հայաստանը Եվրոպայի հետ։
Ներկայումս Wizz Air-ը Երևանից թռիչքներ է իրականացնում ավելի քան 20 ուղղությամբ, որոնց թվում են Հռոմը, Վենետիկը, Դորտմունդը, Բուդապեշտը, Միլանը, Աբու Դաբին, Լառնական, Սոֆիան և Վիեննան։
Wizz Air-ը Հայաստանում սկսել է գործել 2021 թվականից։ Ընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնում տարբեր եվրոպական ուղղություններով։ Ընկերությունը համարվում է լոու քոսթեր՝ առաջարկում է հիմնականում մատչելի գներ՝ փոխարենը չներառելով մի շարք ծառայություններ, օրինակ՝ ուղևորները պետք է լրացուցիչ վճարեն գրանցված ուղեբեռի, ձեռքի ուղեբեռի հավելյալ քաշի, նախընտրած նստատեղի, ինչպես նաև օդանավում սնվելու համար։