Գյումրեցիների 80%-ից ավելին հայտնել է, որ մասնակցելու է մարտի 30-ին կայանալիք ավագանու ընտրություններին։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի՝ մարտի 25-26-ը 612 գյումրեցու շրջանում անցկացրած հարցման տվյալները։
Հարցվածների 34,2%-ն ասել է, որ անպայման կմասնակցի ընտրություններին, 47,5%-ն ավելի շուտ կմասնակցի, 3,6%-ն ավելի շուտ՝ ոչ, 11,6%-ը՝ միանշանակ՝ չի մասնակցի։ Հարցվածների 3,1%-ը հայտնել է, որ դեռևս չի կողմնորոշվել։
Հարցված գյումրեցիների 60%-ից ավելին վստահ է, որ ընտրությունները կանցնեն արդար և առանց խախտումների։
Հարցվածների 15,2%-ը կարծում է, որ ամենայն հավանականությամբ՝ ընտրություններն առանց խախտումների չեն անցնի, 15,2%-ը նշել է, որ միանշանակ կարձանագրվեն խախտումներ, իսկ 6,9%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Հարցված քաղաքացիների միայն 16%-ն է մասնակցել այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավին, վկայում են հարցման արդյունքները։ Ընդ որում՝ 46,2%-ը նրանց ծրագրերին ծանոթացել է սոցիալական մեդիայից, 32,3%-ը՝ տպագիր նյութերից, 23,3%-ը հանրային միջոցառումներից, 20,5%-ը հեռուստատեսությունից, 1,4%-ը՝ պաստառներից, 5,1%-ը՝ այլ աղբյուրներից։
Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։