ՀՀ ՊՆ-ն 4 օրում 9-րդ անգամ հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի հայտարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է ՊՆ-ն։
Ադրբեջանը մարտի 16-ից սկսել էր հայտնել Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Նմանատիպ մեկ այլ հրապարակում հերքվել էր մարտի 17-ին, իսկ ուշ երեկոյան Երևանը հերքել էր երկու օրվա ընթացքում Հայաստանից գնդակոծվելու մասին Ադրբեջանի ՊՆ հինգերորդ հաղորդագրությունը։ ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երրորդ հաղորդագրությունն է հերքել:
Մարտի 17-ի առավոտյան ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին։ Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։