Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման հարցը կորոշվի մինչև մարտի 20-ը, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 օրվա ընթացքում կնշանակի ներկայացված երեք թեկնածուից մեկին։
Լրատվականը հիշեցրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար մրցույթի երկրորդ փուլում հայտ է ներկայացրել 5 թեկնածու՝ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը և փաստաբան, նախկին քննիչ ու դատախազ Կարեն Բատիկյանը։
Մրցութային շեմը հաղթահարել է երեք թեկնածու՝ Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
2024 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը քննադատել էր դատաիրավական և ուժային մարմինների աշխատանքը և նշել, որ դժգոհ է երկրում տիրող հանցագործությունների մակարդակից և լուրջ որոշումներ է կայացնելու։ Վարչապետի խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհել էին կոռուպցիայից և հանցագործություններից։
Նոյեմբերի 17-ին Փաշինյանն աշխատանքից ազատել էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարարին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։ Խաչատրյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին։
Մարտի 11-ին հանձնաժողովի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ Մարտիրոսյանն արժանի չէ այս պաշտոնին, «քանի որ սա այն պաշտոնն է, որտեղ պետք է անբասիր վարքագիծ ունենալ»։