Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եղիշե Կիրակոսյանին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Կիրակոսյանը մեկնաբանել է պաշտոնանկությունը՝ նշելով, որ պատճառն ակադեմիական աշխատանքով զբաղվելու ցանկությունն է։
«Ցանկանում եմ առավել կենտրոնանալ գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը»,- Facebook-յան իր էջում գրել է նա։
Իրեն վստահելու համար նա երախտագիտությունս է հայտնել Փաշինյանին։
«Վստահ եմ, որ գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,- հավելել է Կիրակոսյանը։
Մարտի 5-ին մամուլը գրել էր, որ Կիրակոսյանի գլխավորությամբ գրասենյակի ամբողջ անձնակազմն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Գրասենյակից հերքել էին տեղեկությունը՝ նշելով, որ «գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։