ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը տեղեկացրել է ռուս-ամերիկյան շփումների մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդի հարցերի շուրջ։ Քննարկվել են տնտեսության և առևտրի, ներդրումների, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղիները։
«Հաստատվել է Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության, Շանհայի համագործակցության կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի և Պեկինում Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ Պեկինում կայանալիք տոնական միջոցառումների ժամանակացույցը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ չինական կողմն աջակցություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությանը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելուն։
«Առաջնորդները, մասնավորապես, ընդգծել են, որ ռուս-չինական արտաքին քաղաքական հարաբերություններն ամենակարևոր կայունացնող գործոնն են համաշխարհային հարաբերություններում։ Այն իր բնույթով ռազմավարական է, ենթակա չէ արտաքին ազդեցության և ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Զրույցը ջերմ ու ընկերական էր»,- նշված է հայտարարությունում։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։