Գրեթե մեկ շաբաթ շարունակվող գործադուլը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է հասցրել, իսկ պետությանը միայն հարկերի տեսքով՝ օրական ավելի քան 100 մլն դրամ, «Փաստինֆո»-ին հայտնել են ընկերությունից։
ԶՊՄԿ-ն պարզաբանել է, որ այդ գործողությունների արդյունքում տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։
«Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- նշել են ընկերությունից։
Բողոքի ակցիան մեկնարկել էր հունվարի 31-ին։ ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ պահանջում են աշխատավարձերի 50%-ով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում:
Փետրվարի 1-ին կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն Armenia Today-ին ասել է, որ հունվարից ուժի մեջ է մտել ընկերության կողմից աշխատավարձերի հավասարեցման համապատասխան որոշումը, ինչը դժգոհություն է առաջացրել։
«Նույն աշխատանքը կատարող մի շարք աշխատակիցներ 75-ամյա կոմբինատում տարիներ շարունակ ստացել են տարբեր չափի աշխատավարձ։ Ընկերության տնօրինությունը որոշել է հավասարեցնել աշխատավարձերը, ինչի արդյունքում բոլորի մոտ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։ Սակայն, բնականաբար, առավել ցածր վարձատրվողի աշխատավարձը բարձրացել է ավելի շատ, քան բարձր ստացողինը»,- պարզաբանել էր խոսնակը։
Ըստ Մարգարյանի՝ դժգոհություն է արտահայտել 150 աշխատակից՝ պահանջով, որ բոլորի աշխատավարձն անխտիր բարձրանա 50%-ով, իսկ նման որոշում ընկերությունը չի կայացրել և համարում է «անիրատեսական»։
ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։