«Հայաստան» դաշինքն իր պատգամավոր Գեղամ Նազարյանին կարող է խնդրել վայր դնել մանդատը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի օրինակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ խմբակցությունը որոշել է քննարկման դնել Նազարյանի վարքը, քանի որ նա երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ։ Բացի այդ, նա Վիետնամ մեկնած պատվիրակության կազմում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել է նավի վրա, հիշեցրել է լրատվականը։
Ըստ թերթի՝ երբ Նազարյանին հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, նա ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք», պատմել է թերթը:
Խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է, որ Նազարյանի հարցն առաջիկայում կքննարկվի խմբակցությունում և համապատասխան քայլեր կձեռնարկվեն։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորը նշել էր, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն ապացուցի հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե ինքը միջնորդել է որդու համար։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։