Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ, որի օրակարգում սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր զարգացումներին համահունչ խորհրդի աշխատանքների հետագա պլանավորումն էր, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարությունը փոխանցում է, որ խորհրդի անդամները քննարկել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման, խորհրդի նիստերի պարբերականության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանրային հաղորդակցության հարցերը:
Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։
Հունվարի 19-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հայտարարել էին, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով հերթական ուղերձն է հղվում Ադրբեջանին և Թուրքիային։
Հունվարի 22-ին սահմանադրագետ Վարդան Այվազյանն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով․ «Եթե պետության մրցունակությունը պետք է կապենք Սահմանադրության հետ, ուրեմն պատկերացրեք, որ մենք պետականությունից ոչինչ չենք հասկանում»։
Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «չափազանց մեծ չափազանցություն» էր անվանել հայտարարությունները, թե իշխանությունները նախաձեռնում են նոր Սահմանադրության ընդունումը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով պայմանավորված։