ՀՀ ԱԺ-ն «Հայաքվեի» նախագիծը չընդգրկեց նիստերի օրակարգ։ Նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելուն կողմ քվեարկեց 26 պատգամավոր։ Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 57 պատգամավորները դեմ քվեարկեցին։
Դեկտեմբերի 4-ին նախագիծը քննարկվել էր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որը բացասական եզրակացություն էր տվել «Հայաքվեի» նախագծին։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել էր 2 ամսով հետաձգել «Հայաքվեի» նախագծի քննարկումը, բայց հանձնաժողովն այդ առաջարկն էլ էր մերժել։
Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր Արցախի՝ որպես երրորդ պետության մաս ճանաչելը քրեականացնելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» նախաձեռնության կողմից հավաքված ստորագրությունների իսկությունը։
Մայիսի 23-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումը հանդես էր եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելուց քրեական պատիժներ նախատեսելու համար։ Սա ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը կազմում է 86․600 քառակուսի մետր և ներառում է Արցախը։
Ստորագրահավաքը մեկնարկել էր հունիսի 29-ին Երևանում, իսկ հունիսի 30-ին՝ հանրապետության մյուս քաղաքներում։ Օգոստոսի 31-ին նախաձեռնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր փոխանցել Արցախի պաշտպանության համար հավաքված 58․000 ստորագրությունը։ Շարժման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը սեպտեմբերի 2-ին ասել էր, որ նախագիծը խորհրդարան կներկայացվի հոկտեմբերին։




































