ՌԴ քաղաքացիների համար Հայաստանում աշխատելու գործընթացը հեշտացված է, փաստաթուղթ չի պահանջվում։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Իրինա Դավթյանը՝ անդրադառնալով Հայաստան ժամանածների խնդիրներին՝ կապված աշխատանքային գործունեություն իրականացնելու հետ:
Նա մանրամասնեց, որ Հայաստան են եկել հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես, ՌԴ քաղաքացիներ, որոնք և ապահովել են առկա ներհոսքը:
«Քանի որ իրենք ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ են, Հայաստանում աշխատանքային գործունեություն ծավալելու համար բավականին հեշտացված ռեժիմից են օգտվում: Այսինքն՝ նրանց որևէ փաստաթուղթ անհրաժեշտ չէ, իրենք աշխատանքի թույլտվություն ստանալու կարիք չունեն: Ինչպես իրենք, այնպես էլ իրենց ընտանիքի անդամները ՀՀ-ում կարողանում են գտնվել ընդամենն իրենց աշխատանքային պայամանագրի հիման վրա»,- ասաց նա:
Դավթյանը շեշտեց, որ Միգրացիոն ծառայությունում այս տարվանից գործում է workpermit.am հարթակը․ թե՛ վերոնշյալ քաղաքացիները, թե՛ մնացած բոլոր օտարեկրացիները կարողանում են օնլայն եղանակով դիմել հարթակին:
«Կոնկրետ ՌԴ քաղաքացիներն ընդամենը ներկայացնում են աշխատանքային պայմանագիր, անձը հաստատող փաստաթուղթ, և այդ հիմքով ստանում են իրենց օրինական կացությունը հավաստող տեղեկանք: Այս հարթակի միջոցով գործընթացը կրկնակի հեշտացված է. հարթակն օնլայն է, հերթեր կանգնելու կարիք չկա, օտարերկրյա քաղաքացիները ֆիզիկապես ներկայանում են ընդամենը մեկ անգամ՝ այդ քարտն ստանալու համար»,- ասաց նա:
Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը շեշտեց, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից բարձրացվում է հարց, ըստ որի՝ այն անձինք, որոնք այստեղ աշխատանքային պայմանագիր չունեն՝ ֆրիլանսեր են, ՀՀ-ում 180 օրից ավելի մնալու խնդիր ունեն:
«Հարցն այսօր քննարկվում է՝ հասկանալու, թե ինչպիսի լուծումներ պետք է տալ, որ այդ անձինք նույնպես կարողանան ավելի երկար մնալ ՀՀ-ում՝ առանց լրացուցիչ փաստաթղթեր ձեռք բերելու»,- ասաց Դավթյանը՝ բերելով Վրաստանի օրինակը, ուր օտարերկրյա քաղաքացիներն առանց լրացուցիչ փաստաթղթերի կարողանում են 360 օր մնալ:
Մանրամասները՝ տեսանյութում: