Գյուղատնտեսական արտադրողների արհմիությունների Ֆրանսիայի Ազգային ֆեդերացիան (FNSEA) հայտարարել է, որ առաջիկա աշնանը և ձմռանը երկրում կաթի պակաս է սպասվում, գրում է Интерфакс - ը։
«Կաթի արտադրության համար անհրաժեշտ է անասնակեր, հիմնականում առվույտ և եգիպտացորեն, որոնց պաշարներն այս տարի քիչ են։ Այսինքն՝ այս աշնանը և այս ձմռանը կաթի պակասի վտանգ կա», - Franceinfo հեռուստաալիքի եթերում հայտնել է FNSEA տնտեսական հանձնաժողովի նախագահ Յաննիկ Ֆյալիպը։
Նրա խոսքով՝ երկիրը պատուհասած երաշտի պատճառով կովերին, «որոնք սովորաբար այդ շրջանում գտնվում են արոտավայրերում, այլևս այնտեղ ուտելու բան չկա»:
«Ֆրանսիայում կաթի գինը 20 տոկոսով ցածր է, քան այն գինը, որը վճարում են եվրոպական մյուս արտադրողներին, հատկապես Գերմանիայում և Նիդեռլանդներում», - բացատրել է արհմիությունների ներկայացուցիչը:
Սակայն, բացի գների վերանայումից, արհմիությունները երաշտի հետ կապված ցանկանում են, որ ակտիվացվեն տարերային աղետների դեպքում օգնության ֆոնդերը, որոնք թույլ կտային անասնապահներին անասնակեր գնել պետության կողմից 50 տոկոս համաֆինանսավորմամբ:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Արևմտյան Եվրոպայում անոմալ շոգ է հաստատվել։ Իսպանիայում բռնկվել են հրդեհներ և երաշտ, Ֆրանսիան չեղյալ է հայտարարել Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությունը՝ բռնկումների վտանգի պատճառով, Պորտուգալիայում առաջիկա օրերին կարող է նոր ջերմաստիճանային ռեկորդ սահմանվել: Այս տարի Իսպանիան ընդգրկած շոգն անսովոր է նրանով, որ ազդում է երկրի գրեթե ամբողջ տարածքի վրա։ Չափազանց բարձր ջերմաստիճան է հաստատվել ոչ միայն երկրի հարավային և կենտրոնական շրջաններում, այլ նաև հյուսիսում, որտեղ տարվա այս եղանակին սովորաբար ավելի զով է։ Գալիսիայում, որը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում, օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42°C-ի:






































