Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Ըստ կենտրոնի՝ համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել է նաև 13 կենսաբանական նմուշ բուժառուներից, որոնց պատասխանները դեռևս պատրաստ չեն։
Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ, նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։
Ավելի վաղ «Վեոլիա Ջուրն» արձագանքել էր խմելու ջրի որակի մասին պնդումներին։ Ընկերությունը հայտարարել էր, որ սպառողներին մատակարարվող ջուրը գտնվում է մշտական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։ Բյուրեղավանում հուլիսի 16-ին արձանագրվել էին աղիքային վարակի դեպքեր, որոնց թիվը հուլիսի 20-ին հասել էր 60-ի։




































