Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հանրայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը 2020 թվականի պատերազմի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջադրած կեղծ մեղադրանքների առնչությամբ։
Մանուկյանն, անդրադառնալով Բաքվի վերաքննիչ դատարանում ՀՀ 15 քաղաքացու նկատմամբ շարունակվող շինծու դատական գործընթացին, նշել է, որ իրենց առաջադրվել է նաև 2020 թվականի 44-օրյա «ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման և վարման» մասին կեղծ ձևակերպումներով մեղադրանք։
Գեներալ-մայորը շեշտել է, որ պատերազմի պլանավորումն սկսվում է պետության ղեկավարի օղակից, և քանի որ 2020 թվականի սեպտեմբերին Փաշինյանն էր ՀՀ վարչապետն ու գերագույն հրամանատարը, նա հորդորել է նրան հանրայնորեն արտահայտել իր հստակ դիրքորոշումն այս մեղադրանքի առնչությամբ։
«Չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին»,- իր ուղերձում նշել է Մանուկյանը՝ դիմելով Փաշինյանին։
Մանուկյանը նշել է նաև, որ ակնկալում են իմանալ գերեվարվածների կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պետական դիրքորոշումը։
«Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի շունչը, բայց դե ինչ արած, իրականությունը սա է»,- եզրափակել է Մանուկյանը։
Բաքվի կողմից գերեվարված Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հուլիսի 9-ի իր ուղերձում հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների աջակցության բացակայությունն օգտագործում են որպես միջազգային դատարաններ դիմելու դեմ փաստարկ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո միջազգային ոչ մի կառույց չի այցելել հայ գերիներին։




































