Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրին հայտարարել է մրցանակակիրների անունները, տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական էջից։
Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» ֆիլմին։ «Արծաթե ծիրանն» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման։
Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիան։
Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Այս անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» ֆիլմը։
Ժյուրին նաև հատուկ հիշատակումներ է շնորհել Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» ֆիլմերին։ Բացի այդ, Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմն արժանացել է նաև Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակին, որը ներառում է 6000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։
Փառատոնը եզրափակվել է Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի պրեմիերայով։






































