Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։
«Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի դաշտերից մինչև պատմության էջեր»,- գրել է նա։
Արդհալջյանի խոսքով՝ Գյումրիում Սասունիի արձանի բացմամբ հարգանքի տուրք է մատուցվում մի մարդու, ում կյանքը դարձել է ծառայություն հայրենիքին, ազատությանը և հայ ժողովրդի արժանապատվությանը։
Սասունին ծնվել է 1889թ․՝ Արևմտյան Հայաստանի Ահարոնք գյուղում, մահացել՝ 1977թ․՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Նա ՀՅԴ ներկայացուցիչ էր, մասնակցել էր Արևմտյան Հայաստանի ինքնապաշտպանական մարտերին՝ Մուշում, Տարոնում և այլուր, 1920թ․ նշանակվել Ալեքսանդրապոլի նահանգապետ, այնուհետև ընտրվել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։
Ուսումնասիրել է հայ ազգային-ազատագրական շարժման, Մեծ եղեռնի, Հայաստանի առաջին հանրապետության պատմության հիմնախնդիրները, որոնց հիման վրա գրել է մի շարք արժեքավոր պատմագիտական ուսումնասիրություններ և գեղարվեստական երկեր։





































