ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հերքել է ընտրություններին միջամտելու մեղադրանքները, դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը մեջբերել է CBS News հեռուստաալիքը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել էր 220 միլիոն ընտրողի անձնական տվյալների անօրինական հասանելիություն ստանալու մեջ՝ կատարվածն անվանելով ընտրողների տվյալների «պատմության մեջ ամենախոշոր արտահոսքը»։
«18 նահանգների տասնյակ միլիոնավոր ընտրողների տվյալներ հաքերային հարձակումների արդյունքում գնվել, գողացվել կամ հափշտակվել են Չինաստանի կողմից»,- իր ուղերձում հայտարարել է Թրամփը։
Այդ տվյալները ներառում են անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, կուսակցական պատկանելություն և ընտրությունների գրանցման համար անհրաժեշտ այլ գաղտնի տեղեկություններ։
Չինաստանի դեսպանատունն իր հերթին ընդգծել է, որ Պեկինը մշտապես հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։
«ԱՄՆ նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Դրանց արդյունքը որոշվում է ամերիկացի ժողովրդի քվեներով։ Չինաստանը երբեք չի միջամտել և չի միջամտելու ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին»,- ասված է դեսպանատան արձագանքի մեջ։
Ամերիկյան առաջնորդը նաև պնդել է, որ ԱՄՆ-ի հակառակորդները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան, ունեն համապատասխան կարողություններ՝ ընտրությունների ընթացքը վտանգելու համար։
The New York Times-ը հուլիսի սկզբին անդրադարձել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի չորրորդ ժամկետին ընդառաջ երկրում ստեղծված իրավիճակին։ Ըստ պարբերականի՝ պետական ապարատի հնարավոր վերակառուցումը Չինաստանում տեղի է ունենում ռազմական ղեկավարությունում և կոմունիստական կուսակցությունում ընթացող զտումների ֆոնին։




































