Սահմանադրական դատարանում մեկնարկել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ Գործի քննությունը կտևի առաջիկա 8 օրերի ընթացքում և կամփոփվի հուլիսի 4-ին։
11։30
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միջնորդել է, որ ՍԴ-ն գործը քննի ամբողջական, ոչ թե կրճատված կազմով։ ՍԴ-ում այդ մասին հայտարարել է ԲՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ միջնորդության նպատակն է հասնել նրան, որ գործը քննվի դատարանի ամբողջական՝ 9 անդամից բաղկացած կազմով, քանի որ ներկայիս՝ 7 անդամով քննությունը, ըստ դաշինքի, չի համապատասխանում Սահմանադրության կարգավորումներին։
12։00
Դատարանը քննում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը նիստին անհնար ճանաչելու հարցը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ի որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում քննությանը: ՍԴ-ն անհնարին էր համարել Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանը, քանի որ, ըստ դատարանի, նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ: «Հայաստան» դաշինքը դիմումով պահանջել էր նաև անհնարին ճանաչել Սաֆարյանի մասնակցությունը, սակայն դատարանը հունիսի 24-ին Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու մասով հիմքեր չէր տեսել։
12։49
ՍԴ-ն որոշում կայացրեց քննարկման առարկա չդարձնել ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը։ Խաչատուրյանի մասնակցության վերաբերյալ հարցը բարձրացվել էր այսօրվա նիստում։
Դատարանը չի գտել, որ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը նույնական է Զեյնալյանի և Վարդանյանի մասնակցության հետ։
13։00
ՍԴ-ն մերժեց նաև Օրբելյանի՝ 9 անդամից բաղկացած կազմով քննությունը շարունակելու միջնորդությունը և նիստը շարունակում է 7 դատավորով։
13։15
«Միասնության թևեր» կուսակցությունը Սահմանադրական դատարանին միջնորդել է կասեցնել վարույթը։ Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտնել է, որ կուսակցությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան, ինչից հետո դիմել է ՍԴ։ Դրմեյանը միջնորդել է կասեցնել ՍԴ-ում գործի քննությունը՝ մինչև Վարչական դատարանի որոշման ընդունումը։
Հիշեցնենք, որ կուսակցությունը Վարչական դատարան հայց էր ուղարկել՝ վիճարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի որոշումը․ ԿԸՀ-ն որոշել էր, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
14։49
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշել է, որ ՍԴ-ն որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Դիլանյանը հավելել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ նիստերը կանցկացվեն նաև շաբաթ օրերին։ Դիլանյանը չի բացառել, որ նիստերը կարող են շարունակվել նաև մինչև երեկո՝ 21։00-ն։ Կիրակի օրերին նիստեր անցկացնելու որոշումը պարզ կլինի վաղը։ ԲՀԿ ներկայացուցիչ Օրբելյանն առաջարկել է կիրակի օրերին նիստեր չանցկացնել։
16։17
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ՍԴ-ում հայտարարել է, որ ԿԸՀ-ն, ըստ իրենց, ընտրությունների ընթացքում գերազանցել է իր լիազորությունները՝ սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչելով երկու ընտրատեղամասի արդյունքները և միաժամանակ հրաժարվելով վերաքվեարկություն կազմակերպելուց։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը հակասում է Ընտրական օրենսգրքին և հարցեր է առաջացնում ԿԸՀ-ի գործողությունների իրավաչափության վերաբերյալ։
Վարդևանյանը պնդել է, որ ընտրական գործընթացը չի համապատասխանել ազատ և հավասար ընտրությունների սկզբունքներին։ Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում կիրառվել են վարչական ռեսուրս, ատելության խոսք, տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ և քրեական վարույթներ են նախաձեռնվել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Նրա խոսքով՝ այդ ամենի հետևանքով ընտրապայքարը տեղի է ունեցել անհավասար պայմաններում և ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Փաստաբանը ՍԴ-ին խնդրել է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը՝ նշելով, որ դատարանը կարող է կիրառել օրենքով նախատեսված տարբերակներից որևէ մեկը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ սահմանել մանդատների բաշխման այլ կարգ։
18։27
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ եթե 3 տեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործընթացը հակասահմանադրական ճանաչվի, մանդատների վերաբաշխում կլինի։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ քաղաքական ուժերն իրենց առանձին դիմումներում առաջարկել էին անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու տարբերակներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։ ՍԴ-ն գործով երրորդ կողմ է ներգրավվել նաև «Քաղաքացիական պայմանագրին»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):





































