Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների սոցիալական լեգիտիմությունը նախընտրական շրջանի համեմատ նվազել է և, հավանաբար, կշարունակի նվազել, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղաքագետը մեկնաբանել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ ծավալվող հռետորաբանությունը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների սրումն ու դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար։
Լեգիտիմությունը կա, բայց ձևական է
Փորձագետի գնահատմամբ՝ նոր խորհրդարանի ձևական և իրավական լեգիտիմությունը, ամենայն հավանականությամբ, կապահովվի, իսկ ընտրությունների արդյունքները կճանաչվեն։ Նրա խոսքով՝ միջազգային դիտորդներն ու արտաքին խաղացողները նույնպես ընդհանուր առմամբ կճանաչեն քվեարկության արդյունքները։ Միևնույն ժամանակ, երկրի ներսում ընտրությունների արդյունքների հանրային ընդունման մակարդակը, Իսկանդարյանի կարծիքով, ավելի ցածր է, քան նախորդ ընտրությունների ժամանակ։
Փորձագետը դա կապել է ոչ միայն բուն քվեարկության, այլև ընտրությունների շուրջ ստեղծված ողջ քաղաքական մթնոլորտի հետ․ նախընտրական քարոզարշավ, իրավիճակ քվեարկությունից հետո, Սահմանադրական դատարան ընդդիմության դիմումներ և խորհրդարանի աշխատանքներին ընդդիմադիր ուժերի մասնակցության վերաբերյալ անորոշություն։
Իսկանդարյանի խոսքով՝ իշխանության ցածր հանրային լեգիտիմությունը նորություն չէ Հայաստանի համար։ Նա նշել է, որ 1990-ականների սկզբից մինչև 2018 թվականը երկրում իշխանություններն այս կամ այն չափով գոյություն են ունեցել հենց այդպիսի պայմաններում։
Հասարակության բևեռացումն իշխանությունների համար քաղաքական գործիք է
Խոսելով իշխանությունների հռետորաբանության մասին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ կոշտ ձևակերպումներն ու արմատականացումը պատահականություն կամ էմոցիաների դրսևորում չեն։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները գիտակցաբար օգտագործել են հասարակության բևեռացումը՝ որպես քաղաքական գործիք։
Փորձագետը պարզաբանել է, որ պառակտված հասարակության պայմաններում «կարելի է աշխատել այդ պառակտման վրա և կոշտ հռետորաբանությունն օգտագործել որպես զենք՝ ընդդիմախոսների դեմ»։
Նրա խոսքով՝ այս ռազմավարությունն աշխատել է, քանի որ իշխանությունները հասկանում էին, թե բնակչության որ խմբերի համար է այն նախատեսված։
«Կարելի է պառակտումն օգտագործել որպես գործիք։ Կարելի է արմատականացումը, կոշտ հռետորաբանությունը, այս ոճաբանությունն օգտագործել որպես զենք։ Այդ զենքն աշխատեց»,- ասել է Իսկանդարյանը։
Նա չի բացառել, որ նման հռետորաբանությունը կպահպանվի նաև ընտրություններից հետո, քանի որ ներկայիս իշխանությունը սովոր է քաղաքական պայքարի նման մեթոդների։
Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծում է, որ ընտրությունների արդյունքներով իրենց նպատակներին այս կամ այն չափով հասել են գրեթե բոլոր հիմնական քաղաքական խաղացողները։ Ըստ նրա, չնայած որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական մեծամասնություն, իշխող կուսակցությանը հաջողվել է պահպանել վերահսկողությունը քաղաքական համակարգի նկատմամբ։
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ այս ընտրություններում հաղթել են բոլորը։ Այն, ինչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղթանակ է, այն, ինչ արեց Սամվել Կարապետյանը, հաղթանակ է, և այն, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը, հաղթանակ է։ Թերևս պարտվել է պարոն Ծառուկյանը»,- հայտարարել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի իշխանության և ընդդիմության գործողություններից, տնտեսության վիճակից, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններից։
Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ առանց հեռանկարի
Անդրադառնալով հայ-ադրբեջանական գործընթացին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները, իր կարծիքով, որևէ կերպ չեն ազդի Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի վրա։ Նա այդ գործընթացը բնութագրել է որպես դանդաղ և թույլ՝ նշելով, որ Ադրբեջանը «շատ ուժեղ արգելակում է և օգտագործում է ճոճանակը»։
Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն պարբերաբար ցույց է տալիս խաղաղության գործընթացն առաջ տանելու պատրաստակամություն, իսկ հետո կրկին վերադառնում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմային և այլ լրացուցիչ պահանջների։
Իսկանդարյանը կարծում է, որ Ադրբեջանն այս ռազմավարությունն իրականացնում է 2020 թվականից, որը հատկապես ակտիվացել է 2023 թվականից։
Ըստ փորձագետի՝ ամենահավանական սցենարով մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը հարմար է թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որին պետք չի լինի փաստաթուղթ ստորագրել, և թե՛ Փաշինյանին, որին պետք չի լինի Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել։
Միևնույն ժամանակ Իսկանդարյանն ընդգծել է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը չի նշանակի իրական խաղաղության հաստատում։
«Խաղաղության պայմանագիրը և խաղաղությունը շատ տարբեր բաներ են»,- ասել է նա՝ հավելելով, որ համաձայնագրի նախկինում ներկայացված տեքստն ավելի շատ հուշագրի է նման։
Խոսելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի շուրջ Բաքվի հռետորաբանության մասին՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի մոտ Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրական մտադրություն չի տեսնում։ Նրա գնահատմամբ՝ այդ թեման օգտագործվում է որպես Երևանի վրա ճնշում գործադրելու գործիք։
Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի ճնշումն ունի մի քանի ուղղություն՝ դիվանագիտական, տարածքային, դիսկուրսիվ և ուժային։ Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները Բաքվին թույլ են տալիս ազդել Հայաստանի ներքին դիսկուրսի վրա։
Իսկանդարյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի կողմից արցախյան թեմայի քննարկումից հրաժարվելը չի հանգեցնի ադրբեջանական հռետորաբանության դադարեցմանը։ Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանին զիջելու ռազմավարությունը չի աշխատում, քանի որ Բաքվի պահանջների նպատակի հիմքում ոչ թե դրանց կատարումը, այլ դրանք որպես ճնշման գործիք օգտագործելն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջների «կարմիր գիծը» մշտապես փոփոխվում է։
Իրական հայ-ռուսական հարաբերությունները կորոշվեն փակ դռների հետևում
Մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները՝ Իսկանդարյանը հայտարարել է, որ քաղաքականության մեջ վերջնական «հատակ» չի լինում, քանի որ ճգնաժամը կարող է ավելի խորանալ։ Նրա խոսքով՝ ընտրությունների շրջանում Երևանի նկատմամբ Մոսկվայի գործողությունները վրդովմունքի մարտավարական ազդանշան էին։
Քաղաքագետը կարծում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առանցքային որոշումները հրապակային չեն կայացվելու։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկելու են ոչ թե հանրային նարատիվները, այլ կոնկրետ հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն շահերի լուրջ տարամիտումներ։
Այդպիսի հարցերի թվում Իսկանդարյանը նշել է նոր ատոմակայանի շինարարությունը, երկաթուղիները, «Հարավկովկասյան երկաթուղու» հեռանկարներն ու տրանսպորտային նախագծերը Հայաստանի հարավում։ Նրա գնահատմամբ՝ կուտակված հակասությունները դժվար կլինի հարթել, քանի որ շատ ուղղություններով կողմերը բավականին հեռուն են գնացել։
Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների հետագա զարգացման առաջին կարևոր ցուցիչը, Իսկանդարյանի կարծիքով, կլինի Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:
Կարդացեք նաև՝
«Ղեկավարությունն է մեզ խառնել», «չկա բևեռացում», «միասնական լինենք, մեր դեմ խաղ չկա»․ հարցում



































