Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն, հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում։
Նա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ արդյունավետ քննարկում են ունեցել «Կապի օրակարգի հարթակի» մեկնարկից առաջ՝ հունիսի 23-ին։
Կոսը նշել է, որ հանդիպումը կխթանի Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելուն։
«Սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքը նոր շուկաներ հասցնել»,- նշել է Կոսը։
Հունիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հունիսի 19-21-ն արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ, 390 000 հատ և 7 տոննա ծաղիկ։
ԵՄ-ն Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն էր հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով՝ որպես նախկինում հայտարարված 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի առաջին տրանշ։
Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Հունիսին Հայաստանից Լատվիա էր արտահանվել 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել էր ռուսական շուկա։
Կարդացեք նաև՝




































