Սահմանադրական դատարանի 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը, երրոդի վերաբերյալ դիմում կներկայացվի ՍԴ։
ՍԴ-ից տեղեկանում ենք, որ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա դատարանը որոշել է, որ գործի քննությանն անհնարին է դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը։
Դատարանը որոշել է, որ նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Դատարանի մեկ այլ որոշմամբ գործով որպես երրորդ կողմ է ներգրավել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Նշենք, որ Զեյնալյանը 2018-ից 2019-ի թվականներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Վարդանյանը մինչ ՍԴ դատավոր դառնալը ՔՊ պատգամավոր էր։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Armenia Today-ին հայտնել է, որ «Հայաստան» դաշինքը կպահանջի անհնարին ճանաչել նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։
Նշենք, որ Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր, իսկ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքն այժմ նույնպես ՍԴ դիմումատու է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։ Քաղաքական ուժերից հիմնականում պահանջել են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Որպես այլընտրանք կան երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։
Կարդացեք նաև՝



































