ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, միջանձնային բոլոր կապերն իրենց դերակատարումն ունենալու են և ռուսական շուկան վերաբացվելու է Հայաստանի համար։
«Ես այլ կերպ չեմ պատկերացնում երկու ռազմավարական գործընկեր պետությունների հարաբերությունները։ Այո, հիմա կան որոշակի հարցեր, բայց ես կարծում եմ, որ այդ հարցերը կարող են լուծվել և պետք է լուծվեն և, կրկնում եմ, մեկ տնտեսական միության մեջ գտնվող երկրները կարող են ունենալ խնդիրներ, բայց նաև հենց այդ տնտեսական միությունը պետք է օգնի, որպեսզի դրանք լուծվեն»,- «Արմենպրեսին» ասել է նա։
Պապոյանը նաև արձագանքել է ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմն իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակներն անպատասխան է թողնում։
Նա բացառել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունն ստանա նամակ, որին ոչ միայն չպատասխանի, այլև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնի կամ էլ համապատասխան արձագանք չհնչեցնի։
«Ես բացառում եմ։ Մենք շատ ուշադիր նորից նայել ենք ամբողջ համակարգում, այդպիսի չպատասխանած նամակ չունենք»,- վստահեցրել է Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ միայն առաջիկա մեկ ամսվա ընթացքում երկու այց կկատարի Ռուսաստան՝ հանդիպելու տարբեր գործընկերների հետ։
«Նախատեսված են հանդիպումներ երկու տարբեր գործընկերների հետ։ Այդ հարցերը կլուծենք, կքննարկենք, որովհետև բոլոր հարցերը հնարավոր է և պետք է քննարկել սեղանի շուրջ և լուծել ՌԴ-ի հետ համակարգված աշխատանքի արդյունքում»,- ընդգծել է Պապոյանը։
Խոսելով ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրոպական միության կողմից այս ոլորտում Հայաստանին առաջարկվող աջակցության ու հայ արտահանողների համար տնտեսական նոր հնարավորությունների բացման մասին՝ Պապոյանը նշել է, որ բարձր են գնահատում ԵՄ աջակցությունը, բայց իրենց նպատակը Ռուսաստանից արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների շրջափուլում։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
Դիտեք նաև՝
Ծաղիկները սպասում են ընտրություններին
Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին





































