Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ամենայն հավանականությամբ, կպահպանի պաշտոնը 9-րդ գումարման ԱԺ-ում՝ չնայած «Քաղաքացիական պայմանագրի» այլ ներկայացուցիչների հետ մրցակցությանը, հայտնել է «Հրապարակ» թերթը։
Թերթը նշել է, որ այդ պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշվում էին գործող ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի անունները։
Այդուհանդերձ, թերթի աղբյուրները շեշտել են, որ հարցը կուսակցությունում դեռ պաշտոնապես չի քննարկվել, և վերջնական որոշումը կայացնելու է անձամբ Փաշինյանը:
Վարչապետը նախօրեին հայտարարել էր, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն նախատեսվում։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։
Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ Հունիսի 11-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ դաշինքը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները և վերանայել ՔՊ-ի ձայները։ Դաշինքը նաև վերաքվեարկություն էր պահանջել այն տեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝





































