Պենտագոնի ռազմական կորուստների վերլուծության համակարգում (DCAS) թարմացվել են տվյալները։ Ըստ նոր տեղեկատվության՝ Իրանի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվն ավելացել է ևս 140-ով և հակամարտության մեկնարկից ի վեր գերազանցել է 600-ը։
DCAS համակարգում նաև ավելացվել է «Արտերկրյա գործողություններ» նոր կատեգորիա, որը վերաբերում է հուլիսի 7-ից զոհված և վիրավորված զինծառայողներին։ Այդ բաժնի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում զոհվել է 14 զինծառայող, ավելի քան 400-ը՝ վիրավորվել։
The Guardian-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 18 ամերիկացի զինծառայող, իսկ 624-ը՝ վիրավորվել։
Կայքը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է հուլիսի 6-ից վերսկսված ռազմական գործողությունները դիտարկել որպես «Էպիկական զայրույթ» գործողությունից առանձին գործընթաց։ Դա կապված է ռազմական լիազորությունների մասին օրենքի հետ, որը պահանջում է նախագահից 60 օրվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները, եթե դրանց համար Կոնգրեսի հաստատումը չկա։
Թրամփի վարչակազմը պնդում է, որ Իրանի հետ ապրիլին ձեռք բերված հրադադարը դադարեցրել է ժամանակի հաշվարկը մայիսի 1-ից, իսկ հուլիսի 7-ից սկսվող զոհերի առանձին հաշվարկը համապատասխանում է այդ մեկնաբանությանը։
Մի շարք վերլուծաբաններ և պաշտոնյաներ կասկածի տակ են դնում վերսկսված ռազմական գործողությունների կորուստները նախորդ գործողությունից առանձնացնելու նպատակահարմարությունը։ Կոնգրեսի ներկայացուցիչ, հանրապետական Թոմաս Մասին այդ բաժանումն անվանել է «անհեթեթ հնարք»՝ նշելով, որ Պենտագոնը փորձում է ներկայացնել իրավիճակը՝ որպես «Իրանի դեմ երկու առանձին պատերազմ՝ կարճատև հրադադարով բաժանված»։
Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերն Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից ի վեր հարձակումների մի քանի փուլ են իրականացրել Իրանի դեմ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ դա արվել է՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան բազաներին հասցված հարվածներով, փակել է Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։





































