«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ կանխել է կեղծ փաստաթղթերով Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Ռուսաստան ավելի քան 39,000 թարմ վարդի ներմուծումը։
Նշվում է, որ Սմոլենսկի մաքսային կետում հունիսի 18-ին առգրավվել է Ռուսաստան ներմուծման համար արգելված 39,200 ծաղիկ տեղափոխող մեքենա։ «Այս բեռը տեղափոխող մեքենան, որը վարում էր Բելառուսի քաղաքացի, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա։ Ուղեկցող փաստաթղթերում փոխադրողը բեռը ներկայացվել է որպես զովացուցիչ ըմպելիք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ բեռնախցիկի ստուգման ժամանակ հայտնաբերվել են ծաղիկներ, որոնցում բացակայում էին բուսասանիտարական և առաքման փաստաթղթեր։«Նույնականացման պիտակների մնացած բեկորները ցույց են տալիս դրանց հայկական ծագումը»,- հավելել են գերատեսչությունից։
Ըստ գերատեսչության՝ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է վարդերի բեռը, իսկ փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել էր երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Ռուսաստանը վերջին ամիսներին հետևողականորեն սահմանափակումներ է մտցնում հայկական արտահանման նկատմամբ։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից կսահմանափակվի նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։
Հունիսի 8-ին Փաշինյանը հայտարարել էր Հայաստանից գյուղմթերքը ԵՄ առանց մաքսատուրքի արտահանելու քաղաքական պայմանավորվածության մասին։ Հունիսի 28-ին հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել էր Եվրամիություն։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել էր, որ նոր շուկաները հայ արտադրողներին հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել արտահանումը։
Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։






































