Ադրբեջանական բանտում արդեն գրեթե վեց տարի պահվող Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Հրանուշ Շահբազյանը։
Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով անհապաղ թույլ տալ նրան զանգահարել կնոջը։
Փաստաբանը հայտնել է, որ Մկրտչյանն ավելի քան մեկ ամիս չի խոսել կնոջ հետ։
«Վերջին անգամ Հրանուշ Շահբազյանն ամուսնու ձայնը լսել է հունիսի 19-ին», — նշել է նա։
Շահբազյանի խոսքով՝ թեև Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե կալանավորվածների առողջական վիճակը նորմալ է, ամուսինը վերջին հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ իրեն շատ վատ է զգում և խոսելիս շնչահեղձ է լինում։
Փաստաբանի խոսքով՝ վերջին զանգի ժամանակ Մկրտչյանը կնոջն ասել է, որ իրեն այնքան թույլ է զգացել, որ կորցրել է գիտակցությունը, ինչից հետո նրան ուղարկել են սրտի հետազոտության։
«Ո՛չ մի ախտորոշում։ Ո՛չ մի բացատրություն։ Եվ այդ ժամանակվանից ի վեր՝ լիակատար լռություն։ Նա 56-ամյա տղամարդ է, որը արդեն գրեթե վեց տարի անցկացրել է Բաքվի բանտում», — շեշտել է փաստաբանը։
Մինասյանը հայտնել է, որ Մկրտչյանի վերջին բժշկական հետազոտությունների արդյունքները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Նրա խոսքով՝ գերու լեյկոցիտների մակարդակը գրեթե կրկնակի գերազանցում է նորման, օրգանիզմում հայտնաբերվել է լայնածավալ բորբոքային գործընթաց, իսկ սրտի հետազոտությամբ արձանագրվել են ձախ փորոքի հիպերտրոֆիա, դիաստոլիկ դիսֆունկցիա և աորտալ փականի անբավարարություն։
Մինասյանի խոսքով՝ մեկ զանգը գերուն չի ազատի և չի բուժի, բայց թույլ կտա կնոջը լսել և հասկանալ՝ արդյոք ամուսինը ողջ է և գիտակցությունը տեղո՞ւմ է։
«Սա մարդկային արժանապատվության բացարձակ նվազագույնն է։ Ես անհապաղ և հրապարակավ պահանջում եմ Ադրբեջանի իշխանություններից․ պարո՛ն նախագահ Ալիև, թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել իր կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Բավ է լռությունը։ Բավ է անորոշությունը։ Մեկ զանգ։ Հիմա», — եզրափակել է նա։
Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Հադրութում։ 2021 թվականին ադրբեջանական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին «կտտանքների ենթարկելու» և ադրբեջանական բանակի դեմ «հանցագործություններ կատարելու» մեղադրանքներով։
Մկրտչյանի կինը չի ընդունում առաջադրված մեղադրանքները և պնդում է, որ ամուսինը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող գործողություններին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։






































