Արագածոտնի մարզում մոր սպանության գործով կալանավորված երկու եղբայրներից մեկը կգտնվի բժշկական հսկողության ներքո։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ սպանության գործով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում)։
ՔԿ-ից հավելել են, որ հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում 56-ամյա կնոջ սպանության համար ձերբակալել են նրա 20 և 25-ամյա որդիներին։ Ըստ ոստիկանության վարկածի՝ կենցաղային վեճի ժամանակ եղբայրները գրտնակի հարվածով սպանել էին մորը, հանցագործությունը քողարկելու նպատակով դին տեղափոխել հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։





































