ՀՀ Վերաքննիչ դատարանն ապօրինի է ճանաչել առաջին ատյանի դատարանի որոշումը, որի հիման վրա հունիսի 5-ին խուզարկություն էր իրականացվել Armat Media-ի խմբագրությունում, հայտնել է լրատվամիջոցը։
Armat Media-ի տեղեկացմամբ՝ դատարանը եզրակացրել է, որ խուզարկությունը թույլատրելու ընթացքում խախտվել են խմբագրության սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։ Լրատվամիջոցից հայտնել են, որ խուզարկությունն իրականացվել է խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, որից հետո առգրավվել են խմբագրության տեխնիկան և աշխատակիցների բջջային հեռախոսները, իսկ խմբագրության տարածքները մինչ օրս մնում են կնքված։
Վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա պաշտպանական կողմը մտադիր է վարույթն իրականացնող մարմնից պահանջել վերադարձնել խուզարկության ընթացքում առգրավված տեխնիկան և հեռախոսները, ինչպես նաև վերացնել խմբագրության նկատմամբ կիրառված կնիքը։
Փաստաբան Լիաննա Գասպարյանի խոսքով՝ Ալեքսանյանին կալանավորել են՝ պատճառաբանելով, թե անհրաժեշտ է իրականացնել բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց նա կարող է խոչընդոտել։ Սակայն, նրա խոսքով, կալանքի երկու ամիսների ընթացքում Ալեքսանյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, այն դեպքում, երբ մինչև օգոստոսի 3-ը քննիչը պետք է դատարան ներկայացնի նրա կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն։
Armat Media-ի խմբագրությունում քննչական գործողություններն իրականացվել էին լրատվամիջոցի սեփականատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նա կասկածվում է քաղաքացիներին նախընտրական հավաքներին մասնակցելու համար ենթադրյալ նյութական խրախուսում կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Խուզարկությունից հետո խմբագրությունը դադարեցրել էր աշխատանքը իր ֆիզիկական հասցեում և անցել հեռավար աշխատանքի։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն որպես վկա հարցաքննության էր հրավիրել Armat Media-ի 9 աշխատակցի։ Խմբագրության ղեկավարությունը քննության գործողությունները որակել էր քաղաքական դրդապատճառներով և հայտարարել, որ ընտրություններից երկու օր առաջ տեխնիկայի առգրավումն իրենց փաստացի զրկել է նախընտրական քարոզարշավը լիարժեք լուսաբանելու հնարավորությունից։






































