ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր Ուկրաինան 2013-2014 թվականներին։
«Եվ այստեղ պետք է լրջորեն մտորել, որպեսզի չպատահի այն, ինչ պատահեց Ուկրաինայում»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ասել է նա «Վեստի»-ին:
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից հետո։
Լարվածության երկրորդ ալիքը տեղի էր ունեցել քարոզարշավի ժամանակ, երբ եվրոպական լրատվամիջոցներնը սկսել էին տեղեկություններ հրապարակել և Ռուսաստանին մեղադրել նախընտրական գործընթացին միջամտելու փորձի մեջ, իսկ իշխանության ներկայացուցիչները մեջբերել էին այդ տեղեկությունները։
Մոսկվան հայտարարել էր, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական իշխանությունների կուրսի ֆոնին Երևանը պետք է կողմնորոշվի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ։ ՌԴ-ից ընդգծել են, որ 2025 թվականի հունվարին Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծի ընդունումը վկայում է Հայաստանի կողմից եվրոպական ուղղության ընտրության մասին։ Բացի այդ, ռուս պաշտոնյաները նշել էին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը, որոնց թվում են գազի արտոնյալ գնի չեղարկումը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցումը։
Միևնույն ժամանակ, մի շարք հայկական մթերքներ չեն անցել Ռուսաստանի վերահսկող մարմինների ստուգումը, և այդ ապրանքների ներկրումն արգելվել է։






































