Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը մեղադրվում է համայնքին շուրջ 26 մլն դրամի վնաս հասցնելու մեջ, Հանրային հեռուստաընկերությանը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նրան մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնական լիազորությունների չարաշահման և պաշտոնական կեղծիքներ կատարելու հատկանիշներով։ Դանիելյանին և գործով անցնող 5 անձի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց է կիրառվել։
Դատախազության տվյալներով՝ Դանիելյանը համայնքապետարանի հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի այդ ժամանակվա պետ Մյասնիկ Կոստանյանի մասնակցությամբ ձևականորեն կազմակերպել է աճուրդներ, որտեղ հաղթող են ճանաչվել իր ընտանիքի անդամները։ Գործով մեղադրյալ են Կոստանյանը, նախկին համայնքապետի կինը, երկու եղբայրները և համայնքապետարանի մեկ աշխատակից։
Դատախազության տեղեկությամբ՝ Դանիելյանը 2002-2018 թվականներին զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, ՀՀ հրապարակային սակարկությունների մասին օրենքի խախտմամբ օտարել է 12 հողամաս՝ շուկայականից ցածր գներով։
Բոլոր 6 մեղադրյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները և հրաժարվել են ցուցմունք տալուց։





































