ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ում նույնականացման քարտերը 16 տարին լրացածների համար պարտադիր դարձնելու նախագիծը։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվել է 65 կողմ, 0 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ սա կարևոր է այն տեսանկյունից, որ ներպետական գործարքների համար ցանկանում են դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա նաև հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել:
Օրենսդրական փաթեթը գործադիրի ապրիլի 23-ի նիստում ներկայացրել էր Սարգսյանը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ այս փոփոխությամբ կհստակեցվեն անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման, փոխարինման ու անվավեր ճանաչման կանոնները ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների և փախստականների համար։ Որոշման մեջ նշված է, որ անձնագրերը կունենան վավերականության տասը տարի ժամկետ։
Ըստ նոր նախագծի՝ մինչև 6 տարեկան երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը, իսկ 6-16 տարեկանների համար ID քարտ ստանալը կլինի կամավոր։
ՆԳ նախարարը շեշտել էր, որ այս բարեփոխումը վիզաների ազատականացման երկխոսության առանցքային բաղադրիչն է։ Աշնանը Հայաստանը պատրաստ կլինի ամբողջական ենթակառուցվածքի ներդրմանը։
«Լայն համատեքստում սա ևս մեկ քայլ է, որը Հայաստանին մոտեցնելու է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը։ Օրերս ստացել ենք նաև ԵՄ-ի կողմից վիզաների ազատականացմանը միտված գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, և փաթեթում նաև հատուկ ընդգծում կա անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի հետ կապված, որովհետև այս օրենքը պիտի հավակնի համակարգային ձևով կազմակերպելու այն բոլոր ընթացակարգերը, որոնք որ անհրաժեշտ են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ»,- նշել է Սարգսյանը։
Ավելի ուշ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծը 63 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով։
ՆԳՆ-ն 2025 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Այս տարվա սկզբից Հայաստանում սկսվել է աշխատանքային հարաբերությունների թվայնացման գործընթացը, որի համար պարտադիր է նույնականացման քարտի առկայությունն ու էլեկտրոնային ստորագրությունը։
Թարմացված է՝ 11.05.2026 | 18։28





































