Հայստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հաղթանակի տոնի առթիվ ծաղիկներ է խոնարհել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ և հայտարարել, որ 1945 թվականի իրադարձությունները չեն կորցնում իրենց արդիականությունը համաշխարհային ներկա զարգացումների ֆոնին։
Դիվանագետի խոսքով՝ այն դասերը, որոնք քաղվել են այդ մեծ ու սարսափելի իրադարձություններից, այսօր պահանջված են, ինչպես երբեք։
Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ժողովուրդները «վճռորոշ ավանդ» են ունեցել նացիզմի և միլիտարիզմի դեմ տարած հաղթանակում։ Ըստ դեսպանի՝ պատերազմի մասնակիցների հիշատակի նկատմամբ հարգանքը մնում է այն առանցքային տարրերից մեկը, որը միավորում է երկրներն ու ժողովուրդներին։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է հիշողության էստաֆետը նոր սերնդին փոխանցելու կարևորությունը։
Արարողությանը մասնակցել են Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ, «բարեկամ երկրների» դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։





































