Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի։
Միրզոյանը և Բարոն գոհունակությամբ ընդգծել են Փարիզում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի ընտրությունն ու պաշտոնական բացումը, որը երկու երկրների միջև գործընկերությունն առավել խորացնելու լավագույն դրսևորումներից մեկն է։
Նախարարներն ընդգծել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Երևան առաջիկա այցի կարևորությունը։
Գագաթնաժողովը կկայանա մայիսի 4-5-ը։ Երկօրյա այցով, գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Հայաստան կժամանի նաև Մակրոնը:




































