Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսեյ Գորյայինովը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ որպես հարգանքի տուրք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դուման ընդունել էր հայտարարություն «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։
Այսօր առավոտյան ՌԴ դեսպանատունը գրառում էր կատարել սոցիալական ցանցում՝ նշելով, որ սգում են հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Կարդացեք նաև՝






































