Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երկու ամսով երկարաձգել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը։
Մեղադրող դատախազը Գալստանյանի նախնական կալանքը երեք ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել։
«Գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում, և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել։ Տվյալ դեպքում՝ խոչընդոտելը և հանցանք կատարելու ռիսկերն այս պահի դրությամբ բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել պատշաճ վարքագիծ»,- ասել է Ֆարխոյանը։
Լսելով կալանքի երկարաձգման որոշումը՝ Գալստանյանը դիմել է ընդդիմադիր դաշտին՝ շեշտելով, որ նրանց համարում է հայրենասեր մարդիկ։ Նա խնդրել է Հայոց ցեղասպանության սրբերի հայացքի ներքո՝ իրար չթիրախավորել, իրար «կյանք չուտել»։
«Դուք ունեք մի՛ թիրախ, մի՛ չարիք, ինչպես այսօր հռչակել եք՝ մե՛կ դատ, մե՛կ պայքար, ես էլ ավելացնում եմ՝ մե՛կ հաղթանակ։ Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի՛ գնացեք։ Համախմբվեք այս սրբերի բարեխոսության և հովանու ներքո»,- հորդորել է նա։
Հոգևորականի խոսքով՝ վերջապես մի ժամանակ պետք է գա, որ յուրաքանչյուր ընդդիմադիր իրեն ավելի քիչ գնահատի, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը և ժողովուրդը։
«Քի՛չ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես եկող-գնացող կյանք է մեր կյանքը։ Հավաքվե՛ք։ Թողե՛ք ձեր մեղքերը մի կողմ և մեղքերով իրար հետ մի հարաբերվեք, արդարությա՛մբ հարաբերվեք»,- նշել է նա։
Օգոստոսին դատարանը նրա կալանքը երկարաձգել էր երեք ամսով, իսկ նոյեմբերին՝ ևս երեք ամսով։ Փետրվարի 19-ին կալանքը կրկին երկարաձգվել էր երկու ամսով։
Տավուշի թեմի նախկին առաջնորդը մեղադրվում է «իշխանությունը զավթելու փորձի» մեջ։ Գալստանյանը չի ընդունում մեղքը։ Նրա փաստաբանները պնդում են, որ քրեական հետապնդումը շինծու է, և նրա կալանքի համար հիմքեր չկան։




































