Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ այդ երկրների խորհրդարանների կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերի կապակցությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեսպաններին տեղեկացրել է, որ այդ բանաձևերը դիտարկում է որպես երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված փորձ։ Բաքվում պնդել են, որ նման փաստաթղթերը խաթարում են Հայաստանի հետ ընթացող խաղաղության գործընթացը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն «կողմնակալ» է որակել եվրոպական խորհրդարանականների դիրքորոշումը և հայտարարել, որ չի ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, հայ բնակչության իրավունքների և «ապօրինի ձերբակալությունների» վերաբերյալ մեղադրանքները։
Ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների ընդունած բանաձևերում շեշտվում էր, որ արցախահայության անվտանգ վերադարձը սեփական հայրենիք հնարավոր չէ առանց միջազգային արդյունավետ մեխանիզմի։
Փաստաթղթերում նաև կոչ էր արվում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից՝ վերադառնալով 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ առկա դիրքերին, ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Բրյուսելին և Հաագային միջոցներ ձեռնարկել խորհրդարաններում «հակաադրբեջանական» խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք, ըստ Բաքվի, վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին։ Նշենք, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն արդեն հայտարարել էր, որ ակնկալում է գործնական քայլեր եվրոպական կառավարություններից՝ ընդունված բանաձևերի դրույթները կյանքի կոչելու համար։






































