«Ուժեղ Հայաստանի» 4 համակիր և կուսակից անձանց մոտ դեռևս չի հաջողվել փաստաբանների մուտքը, հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նա նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տրվել փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, ահազանգեր են հղվել ՄԻՊ գրասենյակ։
«Առավոտվա ժամը 8։00-ից ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց մոտ դեռևս չի հաջողվել փաստաբանի մուտք գործելը ժամը 18։00-ի դրությամբ»,- ասել է Մելոյանը։
Այսօր ավելի վաղ Մելոյանն ահազանգել էր՝ հայտնելով իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ ձայնագրություն էր հրապարակել և հայտնել «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ բերման ենթարկվածներն ունեն ձերբակալվածի կարգավիճակ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահներն սկսել էին հաղորդում տարածել մարտի 30-ից: Ուժի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, Armenia Today-ին մեկնաբանելով տեղի ունեցածը, այն որակել էր իրավական գործընթացների խեղաթյուրում և հայտնել, որ մարտի 30-ից սկսած՝ ամբողջ Հայաստանով տարբեր գրասենյակներից անձինք են հրավիրվում ոստիկանության բաժիններ՝ առանց համապատասխան իրավական հիմքերի։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կուսակցության անդամներին՝ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին, ով նաև կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողն է, բերման էր ենթարկել։ Ղումաշյանը մեղադրվում է ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանը՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ դատարանը նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառել։
Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ մարտին կայացած հարցազրույցում նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:






































