ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հաջորդ շաբաթվա վերջին Իսլամաբադում կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը, հայտնում են պակիստանյան պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին։
Պակիստանն ուժեղացնում է իր միջնորդական ջանքերը՝ երկշաբաթյա հրադադարը տևական խաղաղության վերածելու նպատակով։ Ինչպես նշում են աղբյուրները, երկրի անվտանգության մարմիններն ու համապատասխան գերատեսչություններն արդեն հրահանգ են ստացել նախապատրաստել անհրաժեշտ անվտանգային և վարչական միջոցառումներ։
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը բանակցություններում կներկայացնեն խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Սա կողմերի երկրորդ հանդիպումն է լինելու Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության գալու համար։
Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։ Միևնույն ժամանակ, Վենսը հայտնել էր, որ Վաշինգտոնը բանակցություններում հասել է «զգալի առաջընթացի», և այժմ «գնդակն Իրանի դաշտում է»։






































