ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի հետ հակամարտությունում իր նպատակին և նախատեսում է այն ավարտել առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, հայտնում է BBC-ն։
«Կասեի՝ երկու շաբաթվա ընթացքում, հնարավոր է՝ երեք»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը։
Նրա խոսքով՝ Իրանն այդ ընթացքում դեռ կարող է համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։
«Հնարավոր է՝ գործարք կնքենք, որովհետև նրանք ցանկանում են գործարք կնքել։ Բայց բավական կարճ ժամանակում կավարտենք»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա նաև շեշտել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության ապագայի հարցը պետք է որոշեն այլ երկրները։
«Ի՞նչ կլինի նեղուցի հետ։ Մենք չենք պատրաստվում որևէ առնչություն ունենալ դրա հետ, պատճառ չունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:





































