Որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, Սամվել Կարապետյանը խոսել է երկարատև խաղաղություն հաստատելու հնարավորության մասին՝ ընդգծելով, որ գալիք սեպտեմբերից սկսած` յուրաքանչյուր ամիս խաղաղ կլինի:
Նա խոստացել է միավորել երկիրը և այն դարձնել ուժեղ՝ թե՛ տնտեսությամբ և թե՛ խաղաղությամբ։ Կարապետյանը հիշեցրել է, որ իշխանությունը խոստացել է խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ, որոնցում պարտվել է։
«Որպես վարչապետ՝ ես կապահովեմ ուժեղ և երկարատև խաղաղություն։ Այդ խաղաղությունը հիմնված կլինի ուժեղ դիվանագիտության, անվտանգության մի քանի երաշխավորի, ուժեղ պաշտպանության վրա` ուժեղ սահմաններով և 10 000 անօդաչու թռչող սարքերով, պաշտպանված երկնքով և արդիականացված, պրոֆեսիոնալ վերազինված բանակով»,- շեշտել է նա։
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի ժամանակավոր խաղաղություն։ Նա նշել է, որ այն ժամանակավոր է, որովհետև թույլ խաղաղություն է՝ առանց մի քանի երաշխավորի, թույլ սահմաններով և թույլ պաշտպանությամբ։
Ըստ նրա՝ ուժեղ խաղաղությունը հիմնված է նաև ուժեղ տնտեսության վրա՝ նոր գործարաններով, 300 000 նոր աշխատատեղով և բիզնեսի ու գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։
«Մենք կսահմանենք ցածր հարկեր բիզնեսի համար, կստեղծենք նոր աշխատատեղեր մարդկանց համար և կբարելավենք կյանքի որակը։ Կունենանք ավելի ուժեղ դիվանագիտություն և ավելի ուժեղ պաշտպանություն, որոնք կերաշխավորեն խաղաղությունը գործով, ոչ թե խոսքով»,- նշել է նա։
Կարապետյանը կոչ է արել բոլոր հայերին՝ չվախենալ։
«Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով»,- հավելել է նա։
Կուսակցությունը մարտի 18-ին ներկայացրել էր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
Կարդացեք նաև՝
300 հազար նոր աշխատատեղ ու արդյունաբերացում. Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան
Ընտրական դաշտի նոր քարտեզը






































