Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է Երևանից Բրյուսել, Էյնթհովեն և հակառակ ուղղություններով Երևան թռիչքներ մեկնարկելու և ՀՀ-ում 2 օդանավերը ևս մեկով ավելացնելու մասին։ Ընկերության ներկայացուցիչների և Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի ասուլիսը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը հայտնել է, որ Էյնթհովեն թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերից, Բրյուսել՝ 2027-ի փետրվարից՝ շաբաթը երեք անգամ։ Նա նաև տեղեկացրել է, որ ավելացնելու են արդեն իսկ գոյություն ունեցող ուղղությունների չվերթերը։ Մասնավորապես՝ դեպի Բուդապեշտ չվերթերը շաբաթական 2 անգամից դառնում են 4, դեպի Փարիզ՝ 3-ից դառնում են 5, դեպի Ֆրանկֆուրտ՝ 2-ից՝ 3։ Մալինը հավելել է, որ դեպի Պրահա չվերթերը դառնալու են շաբաթական 4 անգամ՝ ամբողջ տարվա համար։
«Սա նշանակում է, որ մենք մեր տարողունակությունը 20%-ով ավելացնում ենք, և 2026 թվականին ակնկալում ենք մեկ միլիոն ուղևոր»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ կապված Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին Հայաստանի շուկայում ուղևորափոխադրումների սակագների հնարավոր փոփոխությունների ու ավիացիոն խնդիրների հետ, Մալինը տեղեկացրել է, որ Wizz Air-ը կառավարում է ռիսկերը։
Նա, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ վառելիքի գինը բարձրացել է, բայց ընկերությունն ամեն ինչ անում է, որ ուղևորներն այդ բարձրացումը չզգան։
«Վառելիքի գինը գրեթե կրկնապատկվել է, մենք, այդուհանդերձ, մշտադիտարկում ենք կատարում, որպեսզի մեր ռիսկերը ճիշտ գնահատենք։ Փորձում ենք զսպել ռիսկերը և աճ թույլ չտալ։ Իհարկե, ճնշում կա վառելիքի գնի կրկնապատկման պատճառով, բայց ռիսկի պատշաճ կառավարումը թույլ է տալիս չբարձրացնել ուղևորափոխադրումների գինը։ Բացի այդ, ունենք նեոդասի օդանավեր, որոնք վառելիքային առումով շատ արդյունավետ են»,- մեր հարցին ի պատասխան՝ հավելել է Մալինը։
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ, հաշվի առնելով իրենց մեթոբանությունն ու ստացած տվյալները, Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Հայաստանի ավիացիայի մասով որևէ հավելյալ ռիսկ չեն տեսնում։
Armenia Today-ի հարցին՝ նոր և ավելացված ուղղությունների արդյունքում Հայաստանն ինչպե՞ս է պատրաստվում գործել մեծ հոսքերի կառավարման տեսանկյունից, Զբոսաշրջության կոմիտեի նախագահը տեղեկացրել է ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման ծրագրի մասին։ Նա հայտարարել է հինգ զբոսաշրջային կլաստերներում 120 մլն դոլարանոց վարկային և պետական միջոցներով ենթակառուցվածքների իրականացվելիք զարգացման ծրագրի մասին, որի մեկնարկը կլինի այս տարվանից։
«Այդ կլաստերներն են Գյումրին, Ջերմուկը, Եղեգիսը, Գորիսը, Դաշտադեմը և Ջերմուկը։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսում ենք բարելավել 20 կլաստեր, բայց առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսում ենք բարելավել ենթակառուցվածքները 5 զբոսաշրջային կլաստերում»,- հավելել է Գևորգյանը։
Կոմիտեի նախագահը ենթակառուցվածքների բարելավման առումով կարևորել է նաև ավելի լավ զբոսաշրջային ճանապարհներ, շատ հյուրանոցներ, մահճակալներ և զբոսաշրջային այցելավայրեր ունենալու անհրաժեշտությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ կոմիտեն շարունակելու է դասընթացները մարզերում՝ հյուրատների և հյուրանոցների հետ, բարելավելու աշխատակիցների գիտելիքները մարքեթինգում՝ ավելի լավ ծառայություններ մատուցելու համար։





































