ԱԺ ընտրություններից երկուսուկես ամիս առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր լարվածություն է նկատվում, և պատճառը վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար կրկնվող հայտարարությունն է։ Փաշինյանը տարբեր հանդիպումների ժամանակ սկսել է հայտարարել, որ եթե ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա Հայաստանում պատերազմ է սկսվելու։
Նա անգամ հստակեցրել է պատերազմի հավանական ժամկետը՝ սեպտեմբեր, և այն անվանել «աղետաբեր»։
Վարչապետի այս հայտարարությունը քննարկման առարկա է դարձել թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր դաշտում։ Ընդդիմադիրները հիշեցրել են, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության տարիներին է Հայաստանը բախվել պատերազմի, և Արցախը հայաթափվել է։
Հայտարարությունը մեկնաբանել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա կարծում է, որ սեպտեմբեր ասելով՝ վարչապետը նկատի ունի ԱԺ ընտրություններից կարճ ժամանակահատված անց ինչ-որ ժամանակ․ Միրզոյանը ևս չի բացառել պատերազմի հավանականությունը։
Armenia today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե ի՞նչ են մտածում այս մասին քաղաքացիները:
Կարծիքները հակասական են։ Ոմանք հավատում են վարչապետի հայտարարությանը և դրա պատճառը տեսնում են ներքին քաղաքական դաշտում։
«Կարծում եմ՝ վարչապետը ճիշտ է ասում։ Ընդդիմության վարած քաղաքականությունը տանելու է դեպի պատերազմ»,- ասել քաղաքացիներից մեկը։
Մյուսներն այս հայտարարությունը գնահատել են որպես վարչապետի կողմից սեփական ժողովրդին ուղղված «սպառնալիք կամ շանտաժ»։
«Դա սպաառնալիք է, կարծես, և պատճառն այն է, որ գործող իշխանությունն այդ կերպ ցանկանում է քվե հավաքել և մնալ իշխանության»,- նշել է մեկ այլ քաղաքացի։
Հարցվածներից ոմանք կարծում են, որ ժողովուրդն արդեն հոգնել է պատերազմներից, և հույս հայտնել, որ պատերազմ չի լինի։
«Խաղաղություն ենք ուզում և դրան ենք գնում, հերիք է, որքան պատերազմ եղավ»,- շեշտել է հարցման մասնակիցներից մեկը:
Որոշ քաղաքացիներ էլ այս հայտարարության տակ այլ ենթատեքստ են նկատել։
«Սա նշանակում է, որ նա պատրաստվում է պատերազմական դրություն հայտարարել և դրանով չեղարկել ընտրությունները, ինչպես որ Զելենսկին (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի - խմբ․) արեց 2022թ․»,- ասել է մի այլ քաղաքացի։
Հարցվածների մի մասն էլ ասել է, որ վարչապետից, առհասարակ, ամեն ինչ սպասելի է։
Մանրամասները՝ տեսանյութում:





































