ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում նրա նկատմամբ կալանքի միջնորդությունը դատարանում քննելու նպատակով, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ըստ գերատեսչության՝ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՔՕ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել, պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ):
Հակոկոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանն Armenia Today-ին հայտնել է, որ ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու հանգամանքը։
Ըստ խոսնակի՝ 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ նա 2001-2018 թվականների ընթացքում, իր ազդեցությունն օգտագործելով, ՊՆ զինվորական ոստիկանության վարչության գործող պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։
Այս հիմքով ՔԿ-ն 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, նշել է Նովրուզյանը։
Նույն օրը դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկել է միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով՝ բավարարվել է այն և կիրառել կալանք: Սարգսյանին հայտնաբերելու և ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից, նշել է դատարանի խոսնակը։
2024 թվականի հոկտեմբերի 8-ն Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության մեկ այլ հայց՝ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցի գույքի բռնագանձման վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունը պահանջել էր հօգուտ ՀՀ բռնագանձել 14 անշարժ, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն և 5 միլիարդ, 92 միլիոն դրամ:
Արաքսյա Սնխչյան





































