Իրանը հետաձգել է սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իրավահաջորդի նշանակումը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով, գրել է The New York Times-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյաներին։
Ըստ թերթի՝ Իրանում մտահոգություններ են առաջացել սպանված այաթոլլայի որդու՝ Մոջթաբա Խամենեիի անվտանգության վերաբերյալ, երբ լրատվամիջոցներում տարածվել է, թե նա կարող է դառնալ երկրի նոր առաջնորդը։
Թերթը Խամենեիի որդուն անվանել է «խորհրդավոր, բայց ազդեցիկ դեմք»՝ նշելով նրա սերտ կապերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Ավելի վաղ The New York Times-ը և The Guardian-ը գրել էին, որ Իրանում քննարկում են Խամենեիի որդուն՝ որպես Գերագույն առաջնորդի հնարավոր իրավահաջորդ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները:





































