Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության նախագծի տեքստը գրեթե պատրաստ է և կհրապարակվի մարտ ամսվա ընթացքում։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ որոշում չունեն՝ առաջարկելո՞ւ են Սահմանադրական բարեփոխումների խորհրդին Անկախության հռչակագրի հղման հեռացում Սահմանադրությունից, թե՞ ոչ։
Գալյանը նշել է, որ Սահմանադրության հրապարակվելիք տեքստը նախնական տարբերակ կլինի, որտեղ առաջարկների հիման վրա կկատարվեն փոփոխություններ։ Նախարարը մանրամասնել է, թե որ մասերում դեռևս անավարտ հարցեր կան։
«Դեռևս պատրաստ չեն Սահմանադրության նախաբանը և առաջին գլուխը։ Երկրորդ և երրորդ գլուխները միավորելու ճանապարհով ենք գնացել, այսինքն՝ դարձրել ենք մեկ գլուխ: Սա նշանակում է, որ պետության՝ քաղաքացիներին պաշտպանելու պոզիտիվ պարտականությունը բարձրանում է: Օրինակ, առողջապահության իրավունքը և այլն, ամրապնդվել են։ Այսինքն՝ պետությունն ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել այդ առումով»,- նշել է նախարարը։
Ըստ Գալյանի՝ խորհուրդը դեռ չի քննարկել Սահմանադրության փոփոխությունների և կառավարության ղեկավարի հետ կապված դրույթներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Արդարադատության նախարարը հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստը մշակում է Սահմանադրական խորհուրդը։ Ըստ նրա՝ նոր տեքստի համաձայն՝ մի շարք ոլորտներում ուժեղացվելու են ԱԺ լիազորությունները, նաև փոխվելու է ընտրությունների կարգը։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել էր 2020-ի փետրվարին՝ Փաշինյանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա հստակ նպատակ և պետք է արտահայտի այն իրողությունը, որն այսօր կա ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու նախապայման է առաջ քաշում Բաքուն՝ պահանջելով հեռացնել Անկախության հռչակագրին հղում անելու դրույթը։




































