ՀՀ իշխանությունները հրաժարվում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, սակայն հստակ որևէ պատասխան չեն տալիս, գրել է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ երեք տարի անընդհատ ձգձգում են հարցի քննարկումը, իսկ անցած տարվա մայիսից սկսած՝ պարզապես չեն արձագանքում։
Լրատվականի տեղեկությամբ՝ ՀՀ ԱԳՆ-ին հրահանգվել է որևէ պատասխան չտալ Մոսկվային, ՌԴ ԱԳՆ-ն էլ առայժմ համբերատար սպասում է։
2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, ՌԴ հյուպատոսություն ունենալու ցանկություն էր հայտնել նաև Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Ռուսաստանն իր այդ ցանկության մասին ՀՀ իշխանություններին տարբեր խողովակներով ասել է:




































